ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Մասնավոր հատվածում միտումներ չկան, սակայն պետականում լուրջ ձեռքբերումներ են»

«Մասնավոր հատվածում միտումներ չկան, սակայն պետականում լուրջ ձեռքբերումներ են»
30.01.2015 | 11:42

Փորձագետների հավաստմամբ` 2014-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ձեռքբերումներն իրատեսական են։ Նկատենք, որ վերջերս, ամփոփելով տարին, կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն ասաց, որ լուրջ ծրագրեր են իրականացրել կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս բացառելու ուղղությամբ։ Հետաքրքրական է, որ այս կառույցի նախկին բոլոր ղեկավարներն այդ հարցը գերակա են համարել և միշտ էլ իրականացրել են ծրագրեր` միտված կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։ Այսօր կրկին նույն խնդիրն է դրվում, ինչն էլ, բնականաբար, հարց առաջացրեց. ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց դեռ պայքարելու տեղ կա։ Այս և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ զրուցեցինք անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

-Առաջին հերթին պետք է ընդգծեմ, որ այս կոմիտեում յուրաքանչյուր ղեկավար դրական աշխատանքներ է իրականացրել ինչպես համակարգի կայացման, այնպես էլ զարգացման ուղղությամբ,- փաստեց պարոն Սարգսյանը։- Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա չկա այնպիսի գերատեսչություն կամ համակարգ, որը խնդիրներ չունենա, սակայն դրանք լուծվում են ժամանակի ընթացքում՝ կիրառելով տարբեր ծրագրեր և մոտեցումներ։ Արդյունքում եղած բացթողումները, լինեն դրանք օրենսդրական դաշտի, թե աշխատանքային բնույթի, աստիճանաբար կարգավորվում են։ Դա բնական գործընթաց է։ Ի դեպ, շատ դեպքերում բացթողումներն ավելի նկատելի են դառնում ժամանակի ընթացքում։ Սրան զուգահեռ չմոռանանք նաև մարդկային գործոնը։ Մեր խնդիրն է հնարավորինս բացառել նաև այդ գործոնը։ Այդ նպատակով մենք ընդլայնում ենք օնլայն ծրագրերը՝ հնարավորինս բացառելով քաղաքացի-աշխատակից շփումը։

-Ասել է՝ խնդիրները շատ են, և յուրաքանչյուր ղեկավար փորձում է դրանց լուծում տալ։ Իմա՝ գալու է մի օր, որ կոռուպցիոն ռիսկերը բացառվեն։

-Իհարկե, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործընթացը շարունակական բնույթ է կրում՝ հատկապես վերահսկողության մասով։ Շարունակական աշխատանքների արդյունքում այդ ռիսկերի օղակը գնալով նեղանում է բոլոր ուղղություններով։ Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք ևս. երբ ցանկացած կառույցում ներդրվում է որևէ նոր ծրագիր, ապա այն բացարձակապես զերծ չի կարող լինել կոռուպցիոն ռիսկերից։ Իսկ դրանց բացահայտման և բացառելու համար ինչ-որ ժամանակ է պահանջվում, քանի որ ցանկացած լավ ծրագիր գործնականում ավելի իրատեսական է իր դրական և բացասական կողմերով։ Մեր խնդիրն է դրանք բացահայտել, բացառել և ապահովել անհրաժեշտ վերահսկողություն։ Ի դեպ, երբ մենք գնալով անընդհատ նվազեցնում ենք քաղաքացի-աշխատակից շփումը, գործնականում և՛ մենք, և՛ քաղաքացիները նկատում ենք դրա դրական արդյունքը։

-Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ կարծիք էիք հայտնել, որ դեկտեմբերին փոխարժեքի կտրուկ տատանումը էական ազդեցություն չի թողնի անշարժ գույքի շուկայում, քանի որ այն երկարատև չէր։ Իսկապե՞ս համոզված եք դրանում։

-Նման հարցում հարյուր տոկոսով համոզված լինելը կնշանակի կանխատեսել, ինչն ինձ բնորոշ չէ։ Ընդհանրապես, հստակ վերլուծության համար անհրաժեշտ են վիճակագրական տվյալներ, ինչը մենք կունենանք առաջին եռամսյակի ավարտից հետո։ Սովորաբար անշարժ գույքի շուկայում գործարքների աշխուժությունը գրանցվում է գարուն-աշուն հատվածում, այնուհետև համեմատական անդորր է, և կրկին շարժ է արձանագրվում փետրվար-մարտից։

-Իսկ դրական շարժ նկատվո՞ւմ է նորակառույցների գնման մասով։

-Մասնավոր հատվածի վերաբերյալ այս պահին դրական միտումներ չեմ նկատում, սակայն պետական հատվածում լուրջ ձեռքբերում ունենք։ Անցած տարի Գյումրիում սոցիալական ծրագրով գրանցել ենք 10 բազմաբնակարան շենք, ևս 28 շենք հանձնման գործընթացում է։ Պետք է նկատենք, որ պետության կողմից իրականացվող սոցիալական բնակշինարարության ծրագիրը լուծում է ոչ միայն քաղաքացիների բնակարանային խնդիրը, այլև լուրջ ներդրում է շինարարության ոլորտում։

-Պարոն Սարգսյան, հետաքրքիր է իմանալ` ի՞նչ միջոցների հաշվին են անցած տարի իրականացվել նոր ծրագրեր, որոնք, ինչպես նշում են մասնագետները, դրական կազդեն ոչ միայն համակարգի զարգացման վրա, այլև քաղաքացիների համար կհեշտացնեն գործարքների ընթացքը։

-Իրականացված բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել այլ ծրագրերից տնտեսված գումարների հաշվին։ Հավատացեք, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման, հետևողականության և բարձրակարգ աշխատակազմ ունենալու դեպքում դա հնարավոր է։

-2014-ին ներդրել եք «Մարզերի միավորված ստորաբաժանումների ծրագիր», որով Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի ստորաբաժանումները միավորվել են Երևանում, որպես կոմիտեի աշխատակազմի մեկ առանձնացված կառույց։ Մեր կարծիքով` նշված մարզերի տարբեր ոլորտների՝ ոստիկանության, դատախազության ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքային և մարզային ղեկավարներ կդժգոհեն այս ծրագրից, քանի որ իրենց համար կդժվարանա սանիկ-բարեկամի համար գործ «դզելը»։ Կա՞ նման բան, ո՞րն է ծրագրի նպատակը, և արդյո՞ք արդյունքում աշխատակիցների կրճատում տեղի չի ունենա։

-Գուցե դժգոհություններ կան, սակայն ես տեղյակ չեմ։ Ծրագրի նպատակն է քաղաքացիների հարցերի լուծման գործընթացը զերծ պահել այլ կառույցների ղեկավարների կամ մարզային հեղինակությունների հնարավոր ազդեցությունից։ Պիլոտային ծրագիրը փաստեց՝ քաղաքացիների դժգոհությունը նվազեց, և աշխատակից-քաղաքացի շփումը բացառվեց։ Հստակ կարող եմ ասել, որ այս ծրագրից մեր մարզային աշխատակիցները չտուժեցին և աշխատակիցների կրճատում գրեթե չի եղել։ Ի դեպ, 2014-ի կարևոր ծրագրերից էր նաև WGS-84 համակարգի ներդրումը, որի միջոցով ստեղծվեց Շիրակի և Սյունիքի մարզերի ուղղությամբ գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրման հիմք։ Այդ ուղղությամբ իրականացվել են երկու տեխնիկական նախագծեր, կազմվել են երկու տեխնիկական հաշվետվություններ և այլ ծավալուն աշխատանքներ։ Չեմ ուզում ընթերցողին ծանրաբեռնել մասնագիտական տերմիններով. ինչպես այս, այնպես էլ 2014-ին իրականացված բոլոր ծրագրերը ներկայացված են մեր կայքում։

-Եվ մեր զրույցը եզրափակող վերջին հարցը. գերակա ի՞նչ ծրագրեր են նախատեսված 2015-ին։

-Այս տարի պետք է մշակվեն և ներկայացվեն հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության հողերի 2015-ի կադաստրային գները և կադաստրային զուտ եկամտի չափերը։ Երկրորդ` հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը սեպտեմբերի ընթացքում պետք է պատրաստ լինի։ Բացի դա, որպես գերակա խնդիր, նախատեսված է Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների սահմանների ամրացում և WGS-84 համակարգում միասնական հիմքի ստեղծում, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծում Գյումրիում։

Զրուցեց

Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ